Հնագիտական ցուցասրահ
Հնագիտական ցուցասրահում ներկայացված է Հրազդանի տարածաշրջանի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև ուրարտական ժամանակաշրջանը ներառյալ /պալեոլիթ, մեզոլիթ, նեոլիթ, էնեոլիթ, բրոնզի և երկաթի դարեր, ուրարտական ժամանակաշրջան/: Ցուցադրված են Հրազդանի տարածաշրջանի դամբարաններից պեղված և շինարարական աշխատանքների ժամանակ պատահականորեն հայտնաբերված նյութական մշակույթի առարկաներ` պատրաստված վանակատից, որձաքարից, ոսկորից, բրոնզից և երկաթից/ ձեռքի հատիչներ, աշխատանքային պարզագույն գործիքներ, մամոնտի ատամնաշար և ոսկորներ, նիզակի ծայրեր, նետասլաքներ, սրեր, դաշույններ, զրահի մաս, խեցեղեն անոթներ, պերճանքի և արդուզարդի առարկաներ` մատանիներ, ականջօղեր, ճակատակալներ և ուլունքաշարեր, որոնք վկայում են տարածաշրջանում մեր նախնիների մշտական բնակության փաստի մասին: Այս ցուցասրահում տեղ են գտել նաև 1982-84թթ. հնագետ Լեոնիդ Բիյագովի արշավախմբի կողմից Մեղրաձոր և Աղավնաձոր գյուղերի շրջակայքում կատարված պեղումներից գտնված մ.թ.ա. II-I հազարամյակներին վերաբերող խեցեղեն /կճուճներ, թասեր, քրեղաններ և այլն/:
| | |